201812.08
0

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱԼՈՒ ՊԱՏՎԻՐԱՆՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՆՓՈՓՈԽ Է. ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ


ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱԼՈՒ ՊԱՏՎԻՐԱՆՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՆՓՈՓՈԽ Է. ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ


ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի այսօրվա՝ 2018թ. դեկտեմբերի 8-ի նիստի օրակարգում ՀՀ փաստաբանական դպրոցի 51 շրջանավարտներին արտոնագրեր տալու հարցն էր:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջույնի խոսքում շնորհավորել է շրջանավարտներին փաստաբան դառնալու կապակցությամբ: Նա նշել է, որ Փաստաբանների պալատը յուրաքանչյուր նոր հոսքի հետ նոր հույսեր է կապում:  «Ձեր համարձակությամբ, համառությամբ և ազատամտությամբ պետք է պաշտպանեք ձեր վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը, դրանով լուծեք նաև Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացումը»,-նշել է Արա Զոհրաբյանը:

Խոսելով փաստաբանական դպրոցի կարևորության մասին՝ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ սա կարևոր հաստատություն է, քանի որ սովորելու ընթացքում, բացի գիտելիքներից և հմտություններին, ունկնդիրները մեծ շրջապատ են ձեռք բերում:

Պալատի նախագահը խոսել է փաստաբանական համայնք ընդունվելիս կոռուպցիայի մեջ թաթախվելու անընդունելիությունից: Նա մասնավորապես ասել է․ «Կոռուպցիայից հեռու մնալու պատվիրանն անփոփոխ է, ինչպես այսօր, այնպես էլ ձեր ողջ մասնագիտական կարիերայի ընթացքում: Կոռուպցիան մեծ վտանգ է ներկայացնում մեր մասնագիտության նկատմամբ»:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նույնպես շնորհավորել է շրջանավարտներին և ասել․ «Դուք մուտք եք գործում փաստաբանական համայնք մեծ ակնկալիքով: Շնորհավորում եմ ձեզ բավականին բարդ ուսումնական գործընթացով անցնելու և այն հաղթահարելու կապակցությամբ: Պետք է նշեմ, որ ուսումնական գործընթացը մենք տարեցտարի կատարելագործում ենք: Դրա արդյունքում ստեղծվում են ուսումնական արգելքներ, սրանով ապահովում ենք ակադեմիական արդարությունը»:

Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, Խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանն էլ իր շնորհավորական խոսքում առանցնացրել է մի փաստ, որ դատարաններում արդեն հանդիպում են փաստաբաններ, որոնք նոր սերնդից են, գրագետ են, խոհեմ ու վստահելի: Նրա խոսքով փաստաբանն իր վստահորդի հետ պետք է առավելագույնս անկեղծ լինի: «Ես կարծում եմ, որ դա փաստաբանի հաջողության ու հեղինակության գրավականն է»,-ընդգծել է նա:

Խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանն էլ օրը պատմական է համարել, քանի որ նրա խոսքով 10 տարի առաջ չէինք կարող երազել, որ այս որակի փաստաբաններ կարող ենք ունենալ: «Այսօր որպես դասախոս լսարան մտնելիս անհրաժեշտ է զգույշ լինել քանի որ ունկնդիրները բավականին լուրջ ճանապարհ անցած անհատականություններ են: Մեր վրացի գործընկերները ակնածանքով են խոսում մեր փաստաբանական դպրոցի մասին»,-նշել է նա:

Ողջույնի ու երախտիքի խոսքերից հետո շրջանավարտները երդվել են ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով: