201810.17
0

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱ ՄՈԴՈՒԼԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ


ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱ ՄՈԴՈՒԼԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ

16.10.2018 17:17

2018թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում դեոնթոլոգիա մոդուլով մեկնարկել է 2018թ. աշնան որակավորման քննությունները:

Քննության մասնակիցները պատահականության սկզբունքով ընտրել են իրենց աշխատասեղանները, որից հետո պատահականության սկզբունքով մի շարք խնդիրներից ընտրվել է 4-ական խնդիր։

Քննության մասնակիցների աշխատանքները նրանց հետ նույնացնելը բացառելու նպատակով աշխատանքն ավարտելուց հետո հավակնորդը այն տպելու էր երկու օրինակից, որոնց վրա փակցվելու են շտրիխ կոդերը։ Երկու աշխատանքներից մեկի վրա հավակնորդը ստորագրելու է ու քառապատիկ ծալված վիճակում տեղադրելու է կնքված արկղի մեջ, իսկ մյուս օրինակը, որի վրա փակցվելու է միայն շտրիխ կոդը, հանձնվելու է հանձնաժողովի անդամին։ Այն աշխատանքը, որի մեջ պայմանական նշումներ կլինեն կամ հեղինակի անձը բացահայտող այլ գրառումներ, գնահատվելու է 0 միավոր։

Շտրիխ կոդերը և դրանց ծածկագրերը ձևավորվել են քննության մասնակիցների ներկայությամբ (սրահում տեղադրված էկրանի վրա), որտեղ խառնվել է ծածկագրերի բազան և տպվել ու կնքված արկղի մեջ է տեղադրվել նյութը ու դրա էլեկտրոնային կրիչը, իսկ ինքնակպչուն թղթի վրա տպված շտրիխ կոդերի թերթիկները հանձնվել են որակավորման հանձնաժողովի անդամներին։

Քննության ավարտից հետո՝ նշված աշխատանքները հանձնվելու են երկուական ստուգողների (որոնց ինքնությունը գաղտնի է), որոնք որակավորման հանձնաժողովի սահմանած չափանիշների համաձայն գնահատելու են աշխատանքները, որից հետո փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամները նիստ են հրավիրելու և գնահատելու են յուրաքանչյուրի աշխատանքը։

Որակավորման հանձնաժողովի կողմից աշխատանքները գնահատելուց հետո, արդյունքները հրապարակվելու են (ծածկագիր-գնահատական), իսկ հետո՝ բացվելու է կնքված արկղը, որպեսզի բացահայտվեն ծածկագրերի հեղինակները։

ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտները փաստաբանի արտոնագիր ստանալու համար պետք է հանձնեն որակավորման երեք մոդուլներով քննություններ:

Քրեական ուղղվածությամբ ունկնդիրները կազմելու են դեոնթոլոգիայի 4 խնդիր, միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք, դատավճռի դեմ վերաքննիչ բողոք, իսկ քաղաքացիական ուղղվածություն ունեցող ունկնդիրները՝ դեոնթոլոգիայից 4 խնդիր, հայցադիմում և վճռի դեմ վերաքննիչ բողոք: