202012.22
0

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ

2020 թվականի դեկտեմբերի 22-ին բազմաթիվ փաստաբանները նույնպես միացել են վարչապետին անվստահություն հայտնելուն ուղղված բողոքի ակցիաներին, այդ թվում՝ գործադուլին:

Ինչպես նախապես՝ դեռևս 18.12.2020 թվականից հայտարարվել էր, փաստաբանները 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝

1. միացել են վարչապետին անվստահություն հայտնելուն ուղղված բողոքի ակցիաներին, այդ թվում՝ գործադուլին.

2. ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքից խաղաղ երթով շարժվել են դեպի ՀՀ ազգային ժողով, որտեղ ՀՀ ազգային ժողովի նախագահին ներկայացրել են ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու պահանջ, իսկ ՀՀ ազգային ժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության նախկին փաստաբան պատգամավորներին ներկայացրել են գրավոր հորդոր՝ պահպանելով պատգամավորական մանդատը դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից. 

3. Շարունակելով խաղաղ երթը՝ ՀՀ ազգային ժողովից շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ներկայացրել են գրավոր հաղորդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (Պետական դավաճանություն) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ:

4. Փաստաբանների ներկայացուցիչները հանդիպել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները փաստում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն իր բազմաթիվ գործողություններով և, հատկապես, անգործությամբ արդեն ապացուցել է պետությունը ղեկավարելու իր անկարողությունը, քանի որ ՀՀ վարչապետի վարած քաղաքականության արդյունքում՝

Ա. Տապալվեցին Արցախի Հանրապետության խնդրի շուրջ բանակցությունները.

Բ. Արցախի Հանրապետությունը ենթարկվեց զինված հարձակման, որի արդյունքում նահատակվեց ավելի քան 5000 հայորդի, բազմաթիվ անձինք ստացան հաշմանդամություն, հարյուրավոր հայորդիներ գերեվարվեցին, հարյուրավոր զինծառայողներ համարվում են անհայտ կորած.

Գ. գաղտնի կարգով ստորագրվեց մի փաստաթուղթ, որով Ադրբեջանին փոխանցվեց Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը (շուրջ 80 տոկոսը).

Դ. Այժմ վարչապետը Սյունիքի և սյունեցիների անվտանգությունն ապահովելու փոխարեն այնպիսի դիրքեր է հանձնում Ադրբեջանին, որոնց փոխանցմամբ սյունեցիների կյանքն ուղղակի վտանգի տակ է դնում՝ չթողնելով նրանց այլ վայր գաղթելու այլընտրանք:

Ե. Վարչապետի գործողության և անգործության արդյունքում Ադրբեջանը գերեվարել է հայորդիների անգամ ռազմական գործողությունների փաստացի դադարից և Հայտարարությունը ստորագրելուց հետո:

Բեռնել ՀՀ ազգային ժողովի նախագահին ուղղված 22.12.2020թ. պահանջը.

Բեռնել ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ուղղված 22.12.2020թ. հորդորը.

Բեռնել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված 22.12.2020թ. հանցագործության մասին հաղորդումը.