202110.05
0

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր՝ 2021թ․ հոկտեմբերի 5-ին Կառավարական տան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահի լիազորությունների ստանձնման արարողությունը:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը, Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահները, վճռաբեկ դատարանի դատավորներ, դատավորներ, Հատուկ Քննչական ծառայության ղեկավարը, Գլխավոր հարկադիր կատարողը, ինչպես նաև իրավապահ և պետական համակարգի ներկայացուցիչներ, փաստաբաններ:

Միջոցառումը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքը փոխանցեց ներկաներին:

ՀՀ փաստաբանների պալատի երկրորդ նախագահ Արա Զոհրաբյանն իր ելույթում ամփոփ ներկայացրեց  8 տարիների աշխատանքը, շնորհակալություն հայտնելով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմին, այդ թվում՝ հանրային պաշտպաններին, խորհրդի անդամներին, որակավորման հանձնաժողովի անդամներին, ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանին, և ընդդիմախոսներին:

Արա Զոհրաբյանը նախ պատմական հակիրճ անդրադարձ կատարեց վերհիշելով որոշ մարտահրավերներ ու փորձություններ, որոնք իր պաշտոնավարման տարիների ընթացքում ծառացել են ՀՀ փաստաբանների պալատի ճանապարհին և որոնք հաջողվել է հաղթահարել միմիայն փաստաբանների միասնականության և համախմբվածության շնորհիվ:

Զոհրաբյանի խոսքով` փաստաբանը շատ հաճախ հայտնվում է պետության և քաղաքացու միջև, ուստի պետք է լինի անվախ։

«Մեր կարգախոսը բժիշկների կարգախոսի նման է` մի՛ վնասիր, իսկ թե ինչպես եմ աշխատել այս ութ տարիների ընթացքում, ճիշտ եմ գործել, թե ոչ՝ դրա գնահատականը կտան փաստաբանները ում ես հաշվետու եմ»,- նշել է Արա Զոհրաբյանը:

Խոսելով փաստաբանների պալատում տեղի ունեցած համակարգային ձեռքբերումների մասին Արա Զոհրաբյանը ներկայացրեց ամփոփ հաշվետվություն, նշելով, որ այն ինչի հասել է փաստաբանների պալատը դա թիմային աշխատանքի արդյունք:

Իր ելույթը Արա Զոհրաբյանը եզրափակել է Սիմոն Բաբայանին շնորհավորելով: «Վստահեցնում եմ ձեզ, որ պարոն Բաբայանը գործով ապացուցել է, որ լավ կառավարիչ, լավ մարդ և պատասխանատու մասնագետ է: Այնպես որ փաստաբանությունը լավ ձեռքերում է», իր ելույթն ամփոփեց Արա Զոհրաբյանը:

ՀՀ փաստաբանների պալատի երկրորդ նախագահ Արա Զոհրաբյանը նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանին հանձնեց Փաստաբանների պալատի նախագահության խորհրդանիշը՝ Մխիթար Գոշի դատաստանագիրքը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց փաստաբաններին վստահության համար․ «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը: Շնորհակալ եմ վստահության համար: Փաստաբանների կողմից ընտրվեց ինստիտուտի ձեռքբերումները պահելու և զարգացնելու ծրագիրը: Առաջիկա չորս տարիների ընթացքում բազում անելիքներ ունենք:

Ծրագրերը շատ են:  Իրագործելի ծրագրերն ու առաջարկություններն օր-օրի շատանում են: Շատ են նաև մարտահրավերները, բայց համոզված եմ, դրսևորված հավաքական կամքի, ջանասիրության, հետևողականության, պատասխանատու աշխատանքի շնորհիվ մենք ի զորու կլինենք արդյունավետ կատարել բոլոր ծրագրերն ու հաղթահարել մարտահրավերները»,- նշեց Սիմոն Բաբայանը:

Սիմոն Բաբայանն ամբիոնից հրապարակեց Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում իր առաջին որոշումը ՀՀ փաստաբանների պալատի երկրորդ նախագահ Արա Զոհրաբյանին պարգևատրեց «Փաստաբանության Ասպետ» ոսկե մեդալով՝ երկարամյա արդյունավետ մասնագիտական գործունեության և փաստաբանության կայացման մեջ մեծ ներդրում ունենալու համար: