Նոր փաստաբանները կսպասարկեն անվճարունակ խավին
Նոր փաստաբանները կսպասարկեն անվճարունակ խավին
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտներին փաստաբանի գործունեության արտոնագիր հանձնելու արարողության ժամանակ նշել է, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային և անհատական պայքարի դերն ու նշանակությունը: Արտոնագրերը հանձնելուց առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ աշխատավայր, գրասենյակ չունեցող նոր փաստաբանների համար Պալատում կահավորված և տեխնիկապես զինված 20 տեղանոց աշխատասենյակ է հատկացվելու 6 ամսով, ինչը կօգնի փաստաբաններին ունենալ աշխատատեղ, կայանալ իրենց մասնագիտության մեջ, փորձ և վստահորդներ ձեռք բերել: Նա նշել է, որ նոր փաստաբանների կայացմանն աջակցելու այս ծրագրով պայման է դրվելու նաև, որ նրանք սպասարկեն անվճարունակ խավին: Պալատի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փաստաբանական համայնքի առավելություններից մեկը բազմակարծությունն է: Անդրադառնալով մի քանի գործընկերների այն կարծիքին, որ փաստաբանական դպրոցը չպետք է այս քանակի շրջանավարտներ ունենա, Պալատի նախագահը նշել է, որ հավանաբար այդ մոտեցման հիմքում այն է, որ փաստաբանների քանակի ավելացումն ազդելու է գործերի քանակի վրա: Նա տեղեկացրել է, որ բարեբախտաբար փաստաբանական պալատի կառավարման մարմինն այդպիսի դիրքորոշում չունի և չի կիսում այդ տեսակետը: Արա Զոհրաբյանը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ բնակչություն-փաստաբաններ հարաբերակցության վերաբերյալ, համաձայն որի` մեր երկրի 100.000 բնակչին համընկնում է 56 փաստաբան, իսկ այլ երկրներում, օրինակ` Իսրայելում, փաստաբանների թիվը գերազանցում է 600-ը, Իտալիայում և Հունաստանում՝ 300-ը, Գերմանիայում՝ 200-ը: Նա հավելել է, որ իրականում այս առումով շատ աճելու տեղ կա և մոտակա 10 տարվա ընթացքում կրիտիկական շեմին չենք մոտենալու:
Read more: https://armeniasputnik.am/armenia/20170522/7394866/armenia-pastaban-ara-zohrabyan.html