201902.05
0

Ես կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին.

Ես կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին.

ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԻՃԵԼԻ Է Վերջին շրջանում որոշ անձինք կամ անձանց խումբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վարկաբեկող գործողություններ է իրականացնում: Այդ անձանց մեջ են ներառված նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք (բացահայտ կամ ծածուկ), որոնք հանրային վստահության ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կապիտալով ոգևորված, մտածում են, որ այդ վարքագիծն էլ հավանության կարժանանա ժողովրդի կողմից: Հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ՝ — Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել. — Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը. — Նույնիսկ Խորհրդային միությունը չկարողացավ ոչնչացնել Եկեղեցին: Բոլոր այն ոլորտներում, որտեղ մարդն է գործում, միշտ լինում են սխալներ: Բացառություն չէ նաև կրոնական ոլորտը: Նույնիսկ կաթոլիկ եկեղեցում կան լուրջ բացթողումներ ունեցող կրոնականներ: Բայց դա աշխարհիկ իշխանությանը իրավունք չի տալիս վերացնել եկեղեցին: Եկեղեցին իր մեջ իր խնդիրները կլուծի, քանի որ ունի ինքնամաքրման համակարգ: Ի պատիվ մեր ժողովրդի, Եկեղեցու բացառիկությունը ճանաչված է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով: Հետևաբար, այդ բացառիկությունը հերքող որևէ գործողություն հարված է Եկեղեցուն և ժողովրդին: Որպես քաղաքացի կոչ եմ անում այդ պաշտոնատար անձանց՝ — Հեռու մնացեք Եկեղեցուց և ճանաչեք Եկեղեցու բացառիկությունը. — Հիշեք, որ պետությունները չեն կարողացել Եկեղեցուն ոչնչացնել (Եկեղեցուն չի կարող նույնիսկ դժոխքը հաղթել). — Հիշեք, որ ձեր իշխանության վերջի սկիզբը լինելու է Եկեղեցու դեմ սանձազերծվող արշավի առաջին օրը. — Հիշեք, որ իր իրավունքների պաշտպանության համար փողոց դուրս չեկող քաղաքացին Եկեղեցու պաշտպանության համար դուրս է գալու փողոց: Որպես քաղաքացի ես կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին: Գրում է Արա Զոհրաբյանը։