201708.24
0

«Բացասականի համար դիմեք Արա Զոհրաբյանի զոքանչին, իսկ դրական տարբերությունն ահռելի է:» NewsBook-ը զրուցեց փաստաբան, Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության (ԻԿԿ) նախագահ, Հայկ Հովհաննիսյանի հետ:

«Բացասականի համար դիմեք Արա Զոհրաբյանի զոքանչին, իսկ դրական տարբերությունն ահռելի է:»
NewsBook-ը զրուցեց փաստաբան, Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության (ԻԿԿ) նախագահ, Հայկ Հովհաննիսյանի հետ:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է: Ինչպես հայտնի է՝ միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: Օգոստոսի 19-ից Փաստաբանների պալատում սկսվել է ընտրությանը նախորդող փուլը՝ քարոզարշավը: Ինչպե՞ս է անցնում քարոզարշավը և թե ինչո՞ւ Արա Զոհրաբյանը որպես թեկնածու միայնակ մնաց. այս և այլ հարցերի շուրջ NewsBook-ը զրուցեց փաստաբան, Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության (ԻԿԿ) նախագահ, Հայկ Հովհաննիսյանի հետ: ԻԿԿ նախագահն առաջին հերթին համոզմունք հայտնեց՝ Արա Զոհրաբյանը վայելում է փաստաբանների մեծամասնության վստահությունը: Հարցին՝ ինչո՞ւ նա մենակ մնաց որպես նախագահի թեկնածու, Հովհաննիսյանը պարզ բացատրություն տվեց. «Մեծամասնութունն իրեն սատարում է: Եվ ինձ թվում է՝ որակյալ մեծամասնությունը: Մյուս բոլոր թեկնածուները, որոնք մտածում էին, թե կարող են առաջադրվել, հասկացան, որ պարոն Զոհրաբյանը փաստաբանական համայնքում լեգիտիմ ձևով մեծ համակրանք ունի: Ըստ իս՝ դա է պատճառը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ՓՊ նախագահ լինելն իրականում շատ դժվար գործ է: «Այստեղ պետք է պրակտիկ գործունեությունդ թողնես ու զբաղվես այդ վարչական աշխատանքով: Իսկ այդ աշխատանքը մարդու ամբողջ ժամանակն է կլանում: Մեծ հաշվով՝ ընտրության հարց է և շատ բարդ գործ: Ես ինքս որպես հաշտարարների ԻԿԿ-ի նախագահ տեսնում եմ, որ շատ մեծ ժամանակ և ռեսուրս է պահանջում»,- նկատեց նա: Դիտարկմանը, թե առհասարակ քարոզչությունն ի՞նչ է տալու փաստաբաններին, հաշվի առնելով, որ որակյալ մեծամասնությունը կողմնորոշված է, մեր զրուցակիցն ընդգծեց. «Կապ չունի՝ մեկ հոգի է, թե՝ ոչ: Այսքան տարիների ընթացքում ճշգրտելու հարցեր կլինեն, մարդիկ երևի հարցադրումներ կունենան: Արա Զոհրաբյանն էլ կունենա ինչ-որ ասելիքներ: Քարոզչությունը կարևոր է նրանով, որ փաստաբանները ևս մեկ անգամ նախագահի թեկնածուի հետ այս քարոզչական փուլում ճշգրտեն նրա ապագա անելիքները: Մասնավորապես՝ ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել, եթե չի արվել, ապա ինչո՞ւ չի արվել և ի՞նչ է պետք, որ ավելի բարելավվի վիճակը: Սա մշտական գործընթաց է»: Ի՞նչ առաջարկով է կոնկրետ հանդես գալու ԻԿԿ նախագահը որպես փաստաբան, կամ ի՞նչն է լավ, ինչը վատ՝ վերջինս փաստեց. «Լավի կամ վատի հարցը չէ, պարզապես նոր ձևով լուծումներ կփորձեմ առաջարկել մեր պրակտիկան զարգացնելու համար: Կառաջարկեմ նոր լուծումներ փաստաբան-վստահորդ հարաբերությունների՝ ավելի կատարելագործման համար: Որոշակի խնդիրներ կան, ես դրանք բարձրաձայնել եմ ու կրկին դրանք պետք է փորձեմ առաջ տանել»: ԻԿԿ նախագահի խոսքով՝ տարիների ընթացքում Արա Զոհրաբյանի հետ ունեցած իր աշխատանքը միանշակ ստացվել է: «Ես Արա Զոհրաբյանին գիտեմ 2001 թվականից: 2006-ին միասին խորհրդի անդամ ենք եղել: Նա որպես ՓՊ-ի լիդեր և որպես անձ, ամենօպտիմալ և ճիշտ ընտրությունն է մեզ համար: Արա Զոհրաբյանը բավականին ադեկվատ անձնավորություն է, որի հետ հնարավոր է նստել, խոսել, պայմանավորվել և հայացքներ փոխանակել: Նա լսում է դիմացինի տեսակետն ու փորձում հասկանալ: Այդ առումով կարծում եմ, որ նա շատ ճիշտ թեկնածու է»,- հավելեց մեր զրուցակիցը: Արա Զոհրաբյանի վերջին չորս տարիների պաշտոնավարման գնահատականներից մեկն ըստ մեր զրուցակցի փաստաբանական ինստիտուտի առաջընթացն է: Հովհաննիսյանին խնդրեցինք ներկայացնել Զոհրաբյանի քառամյա գործունեության դրական ու նաև բացասական կողմերը: Բացասականի մասով նա մեզ խորհուրդ տվեց դիմել Արա Զոհրաբյանի զոքանչին, իսկ դրականի մասով հավելեց. «Ընդհանրապես փաստաբանական ինստիտուտը բավականանին առաջընթաց է ապրել: Ես ակունքներում կանգնած եմ եղել ու տեսնում եմ, որ սար ու ձորի տարբերություն է: Դրական տարբերությունն ահռելի է: Նման դրական փոփոխությունն առաջին հերթին փաստաբանական ինստիտուտի զարգացմանն ուղղված Արա Զոհրաբյանի անձնական ներդրման շնորհիվ է: Խոսքը մարդկային ներդման մասին է: Նա իր ամբողջ ժամանակն է տրամադրում պալատի գործունեությանն ու փաստաբանության զարգացմանը»,- ընդգծեց ԻԿԿ նախագահը: Հիշեցնենք, որ ՓՊ նախագահի քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 18:00-ին: Քվեարկության օրը սեպտեմբերի 9-ն է: Այդ օրը փաստաբանները ՓՊ նախագահ կընտրեն: Քվեարկության արդյունքները կամփոփվեն նույն օրը: Հավելենք, որ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյան իր նախընտրական շտաբն ունի: Թեկնածուն հանդիպումների գրաֆիկ է կազմելու, որի ընթացքում հանդիպումներ կլինեն նաև մարզերի փաստաբանների հետ: Նյութի աղբյուրը ` Newsbook.am