202201.02
0

Այս փուլում, շատ հում նախագիծ է. Արա Զոհրաբյանը՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Այս փուլում, շատ հում նախագիծ է. Արա Զոհրաբյանը՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Արդարադատության նախարարությունը փաստաբանության ոլորտի բարեփոխման ռազմավարական ուղղության շրջանակներում մշակել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն հանրային քննարկման դեռ չի ներկայացվել, այլ նախնական կարծիքների հավաքագրման նպատակով ուղարկվել է Փաստաբանների պալատին և բոլոր գործող փաստաբանների։ Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական համայնքի դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ խոսել ենք Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանի հետ:

– Ըստ ձեզ նման փոփոխությունների իրականացումն ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Կարծեմ, այդ նախագիծը նախարարության մակարդակի մշակած նախագիծ չէ, այլ՝ նախարարությանը ենթակա կազմակերպության: Այս փուլում, շատ հում նախագիծ է: Պաշտոնապես, օրենքի որևէ փոփոխություն առաջարկվում է, որպես բարեփոխում:

– Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություններում Փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարության վերանայմանը` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այս փոփոխությանը, որպես պալատի նախկին նախագահ։

– 2019 թվականից և այս պահին էլ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվում է «Փաստաբանի մասնագիտության խթանումը եվրոպական չափանիշներին համապատասխան» տարածաշրջանային ծրագիր, որտեղ ուսումնասիրվում է Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի փաստաբանությանն առնչվող օրենսդրությունը և հիմնախնդիրները: Բավականին խորը քննարկումներ և համեմատություններ են կատարվում, որի արդյունքը կարծում եմ օգտակար կլինի: Այսօր գործող օրենքում որոշ փոփոխությունների կարիք կա, բայց ոչ այն ծավալով և այն ուղղություններով, որոնք նախատեսել է արդարադատության նախարարությանն ենթակա կառույցը:

– Փոփոխությունների առաջարկներից մեկը վերաբերում է հնարավորության նախատեսմանը, որ հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Փոփոխությունը տեղին կլինի՞։

-Միայն խորհրդատվության մասով, կարծում եմ խնդիր չի լինի, բայց քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչության կամ քրեական գործով պաշտպանության մասով դա անթույլատրելի է: Միայն արտոնագիր ունեցող փաստաբանը կարող է այդ գործերով զբաղվել: Կստացվի, մարդն անվճարունակ է, դրա համար պետությունն իր գումարները տնտեսելու համար փաստաբան չհանդիսացող անձանց է առաջարկում:

Սահմանադրությունն այլ կարծիք ունի որակյալ իրավաբանական օգնության և այն տրամադրող սուբյեկտի մասին: Մի քանի տարի առաջ Փաստաբանների պալատի կողմից առաջարկվել էր հանրային պաշտպանի գրասենյակում ստեղծել ևս մեկ հարթակ, որտեղ ներգրավված կլինեն հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները և հատուկ նախատեսված ֆոնդի միջոցներով գործեր կվարեն նախապես հայտարարված մատչելի գներով: Օրինակ, եթե որոշվել է, որ ալիմենտի գործով ներկայացուցչության արժեքը 40.000 ՀՀ դրամ է, ապա եթե փաստաբանը պատրաստ է այդ գործը վերցնել, որոշակի պարզեցված և արդար ընթացակարգերով, այդ գործը կկարողանա ընդունել վարել: Քաղաքացու համար այդ գործն անվճար կլինի: Այս մեխանիզմը գործարկելու դեպքում, հանրային պաշտպանի գրասենյակն էլ կբեռնաթափվի:

-Պարոն Զոհրաբյան, Արդարադատության նախարարության կողմից առաջարկված մյուս փոփոխություններից ո՞ր կետերն են խնդրահարույց և ի՞նչ ռիսկեր կան դրանց իրականացման ճանապարհին։

– Արդարադատության նախարարության և փաստաբանների պալատի միջև աշխատանքային խումբ է ստեղծվել: Լավ կլինի այդ խմբի համատեղ աշխատանքի արդյունքը տեսնելուց հետո խոսել ռիսկերի մասին:

-Ինչպե՞ս են ընկալում փաստաբանները առաջարկվող փոփոխությունները։ Արդյոք դրանք պայմանավորո՞ւմ եք վերջերս կայացած պալատի նախագահի ընտրության արդյունքներով։

– Փաստաբանների կողմից մտահոգություններ հնչել են, բայց ժամանակը ցույց կտա:

Մերի Մնոյան