202105.13
0

‼️Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանի Հանրապետությունը

‼️Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանի Հանրապետությունը

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը դիմել են նոր սադրանքի ու արդեն բացահայտ կերպով (մոտ 4կմ խորությամբ) ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ տեղի ունեցած լկտի ոտնձգության պայմաններում, իշխանության ներկայացուցիչները մայիսի 12-ի գրեթե ողջ օրվա ընթացքում փորձում էին թաքցնել իրականությունը՝ շարունակելով պատերազմի որդեգրած ապաշնորհ տեղեկատվական քաղաքականությունը։

Այս ծանր իրավիճակը հղի է լրջագույն հետևանքներով, ուստի կոչ ենք անում.

Հայաստանի գործող իշխանություններին.

1. Սեղմ ժամկետում ներդնել առավելագույն ջանքերը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար:

2. Օգտագործել ռազմաքաղաքական բոլոր միջոցները, ներառյալ թե հայ- ռուսական գործող ռազմաքաղաքական պայմանագրային հնարավորությունները, ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերով ամրագրված դրույթները, ՄԱԿ Անվտանգության խորհրդի գործիքակազմը՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հետայսու չթաքցնել տեղեկատվությունը՝ երկրի առաջ ծառացած լրջագույն հարցերի շուրջ, դադարեցնել մանիպուլացիոն քաղաքական շահարկումներն ու արշավները:

4. Հետայսու կանխել նման միջադեպերի կրկնությունն ու դադարեցնել անգործությունը պետության պաշտպանության հարցում:

Ադրբեջանական կողմի այս ցինիկ քայլի նպատակը հստակ է և իրավիճակի հանգուցալուծումից հետո, հարկ է պատասխանել կարևոր հարցի, թե ինչու՞ Հայաստանի զինված ուժերը չեն կանխել ադրբեջանցիների մուտքը ՀՀ տարածք և ի զորու չեն եղել իրականացնել ստեղծված իրավիճակից բխող համապատասխան գործողություններ:

Գիտակցելով պահի լրջությունը՝ զերծ ենք մնում այլ քաղաքական գնահատականներից, քանզի տեղի ունեցածն ամրապնդում է այն մտայնությունը, որ օրվա իշխանությունների ուժերից վեր է ապահովել ՀՀ տարածքի անվտանգությունը:

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ պատրաստ ենք ուժերի ներածին չափով մեր նպաստը բերել թե հարցի միջազգայնացմանը և Ադրբեջանի գործողություններին միջազգային իրավաքաղաքական գնահատական տալուն, իսկ հարկ եղած դեպքում՝ ամբողջությամբ լծվել մեր հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը:

Զարթոնք